ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Գուցե և հարկ կա վերանայելու հերոսության և առօրյա արժանապատիվ կեցվածքի սահմանումներն ու սահմանագծերը

Գուցե և հարկ կա վերանայելու հերոսության և առօրյա արժանապատիվ կեցվածքի սահմանումներն ու սահմանագծերը
01.02.2013 | 00:16

Օրերս «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հանդիսությունների սրահում կայացավ Գագիկ Հարությունյանի «Մուսալեռից Խնապատ» փաստագրական ֆիլմի ցուցադրություն-քննարկումը, որին ներկա էին մի շարք խնապատցիներ, մասնավորապես «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի հիմնադիր նախագահ, գործարար Բարսեղ Բեգլարյանը, մտավորականներ, տարբեր կրթական հաստատություններում սովորող երիտասարդներ:

Ֆիլմը պատմում է արցախյան հերոսամարտի ընթացքում թշնամու անհավասար ուժերին հերոսաբար դիմակայած Արցախի Խնապատ գյուղի պատերազմական-պաշտպանական տարեգրության մասին, և պատումը կենդանանում է այդ ծանր իրադարձությունների մասնակից-ականատեսների հուշ-վավերագրերով, հուզումնառատ նկարագրություններով, ինչպես և արցախյան չքնաղ բնության, ֆիլմի թեմա հանդիսացող տարածքի` պատերազմի հետքերից չձերբազատված, բայց հաստատապես վերապրող պատկերաշարով:
Ֆիլմում զուգահեռ ներկայացվում են Մուսա լեռան հերոսական պաշտպանության պատմությանն առնչվող փաստեր, իսկ զուգահեռն ունի իր բացատրությունը: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Գ. Հարությունյանը. «Մուսալեռան պատմությունը մեզ քաջ հայտնի է: Համանման մի պատմություն էլ եղել է Ղարաբաղում` Ասկերանի շրջանի Խնապատ գյուղում: Եթե Մուսալեռան պաշտպանությունը տևել է մոտ 50 օր, ապա Խնապատինը ձգվել է մեկ-մեկուկես տարի: Իրավիճակները շատ նման են եղել իրար: Եվ ես փորձեցի ֆիլմով ցույց տալ այդ երկու պատմությունների ընդհանրությունները: Ես զուգահեռ եմ անցկացրել երկու գյուղերի պատմությունների միջև: Հարյուր տարի անց ճակատագիրը կարծես կրկնվում է: Եվ ես այդ եմ ցանկացել ցույց տալ»:
Երկու տարի առաջ մեկնարկած «Հաղթանակի կոդ» կինոշարքի շրջանակներում նկարահանված այս ֆիլմի արտադրությունը Հայաստանի ազգային կինոկենտրոնինն է և «Բաղինյան արտվիդեո» ստուդիայինը:
Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանի հիմնադրած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի գլխավոր նպատակն է նպաստել նորարարական ձիրքերով օժտված երիտասարդ սերնդի ձևավորմանը, այն սերնդի, որը պատրաստ է և ի զորու` բոլոր ոլորտներում հանդես գալու հայ ժողովրդի, հայ պետության շահերի դիրքից: Այսպիսի սերնդի ձևավորման գործընթացի մի դրսևորում էլ «Մուսալեռից Խնապատ» ֆիլմի ցուցադրություն-քննարկումն էր: Քննարկումը զերծ չմնաց իրարամերժ տեսակետների խաչաձևումից:
Հանդիսատեսներից մեկը դժգոհեց, թե իր համար ֆիլմում հնչող շատ հարցադրումներ անհամոզիչ են, առկախված, պատումաշարը ներկայացնող կերպարները լիարժեք չեն ներկայացված:
Հարց հնչեց, թե ինչու են հատկապես ընտրվել Խնապատ գյուղը, խնապատցիները, այն դեպքում, որ այդպիսի բազմաթիվ այլ գյուղեր, բնակավայրեր և դրանց հերոս պաշտպաններ գոյություն ունեն ազատագրված Արցախի ողջ տարածքում:
ՈՒսանող Գեղամ Հարությունյանը նկատեց. «Բավական ազդեցիկ ֆիլմ էր: Ֆիլմի նշանակությունը, նպատակակետերը ես այլ կերպ եմ ընկալում: Սա կոնկրետ ժամանակաշրջանի մասին պատմող, այդ ժամանակաշրջանի ամբողջական պատկերն ստեղծող ֆիլմ էր: Ֆիլմի շնորհիվ պիտի աշխատի հանդիսատեսի երևակայությունը, և հատված առ հատված վերականգնվի այն ժամանակների ամբողջական պատկերը»:
Ռեժիսորն իր խոսքում վերահաստատեց ֆիլմում արծարծվող այն միտքը, որ պատմությունը, պատմագրությունը սուբյեկտիվ երևույթներ են, և սպառիչ, լիարժեք պատասխաններ տալը գրեթե անհնար է: Նրա ֆիլմում պատմվող մի հուզիչ միջադեպ կար. Խնապատի վիրավոր բժշկին` Հրայր Հովսեփյանին, ծանր վիճակում ուղղաթիռով տեղափոխում են Երևան: ՈՒղեկցող ազատամարտիկը հանում է իր զինվորական տաք վերնազգեստն ու ծածկում վիրավորին: Բժշկի կյանքը փրկում են, նա վերադառնում է հայրենի Խնապատ: Իսկ որդու` կյանքի ու մահվան սահմանագծում ապրած ծանր պահերի մասին հուզմունքով պատմող մայրը էկրանից դիմում է որդուն ուղեկցած մարտիկին. ինքը պահել է վերջինիս զինվորական վերնազգեստը և սպասում է, որ մի օր տերը պիտի գա ու վերցնի այն:
Այս դրվագի մասին խոսելիս ռեժիսորը նկատում է, որ դա պարզապես սովորական, մարդկային քայլ է: Այնինչ մենք դա և համանման այլ դրսևորումները որակում ենք իբրև հերոսություն: Նա նաև սովորական, բնական մղում է համարում արցախյան հերոսամարտն ինքնին, քանզի արցախցին ընդամենը փորձել է դիմագրավել իր տուն ներխուժած, իր դուռը կոտրող ավազակին, զավթիչին:
Գուցե և հարկ կա վերանայելու հերոսության և առօրյա արժանապատիվ կեցվածքի սահմանումներն ու սահմանագծերը, սակայն մինչ այդ հարկ է հետևել «Մուսալեռից Խնապատ» ֆիլմի օրինակին, նկարահանել նոր ֆիլմեր` հայկական այլ բնակավայրերի ու դրանց քաջասիրտ պաշտպանների մասին, այդուհանդերձ, չմոռանալով կինոարվեստի չափանիշների, հանդիսատեսի ակնկալիքների, իրականության հետ ներդաշնակ լինելու և այս կարգի մի շարք անհրաժեշտությունների մասին, որոնք կապահովեն կանաչ ճանապարհ մեր ազգային ճակատագիրն արտացոլող ֆիլմերի համար:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ